Դու ինձ կփնտրես, երբ ես չեմ լինի Կանգնած ամեն օր քո ճամփի վրա, Երբ մենակության լալկան ուռենին Կթեքվի մի օր քո ճամփի վրա։
Ձայնս կլսես հեռու ձորերից, Ինչպես հեռացող գնացքի սուլոց, Սարսուռով կտաս անունս նորից Եվ ունայն հույսով կնետվես փողոց։
Բայց ես չեմ լինի ծանոթ մարդկանց մեջ, Ձեր դռան մոտով չեմ անցնի կրկին, Դու քայլամոլոր կշրջես անվերջ, Եվ զղջման բոցով կայրվի քո հոգին։
Նաիրի Զարյան
Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին, Անաղմուկ խոսքերիդ դաշնակները հիվանդ, Կուսական ամոթխած փայփայանքըդ, որ իմ Սև օրերն է օրրում խնդությամբ հնազանդ։
Խոսքերըդ կարկաչող, որպես նուրբ մի զգեստ, Ստվերում են սրտիդ գաղտնիքները սիրուն,— Քո հոգին չի սիրում մերկություն անհամեստ,— Դու այնպես ես սիրում, կարծես թե չես սիրում։
Հեռավոր երկրի պես հմայող է հոգիդ, Անուշ են խոսքերըդ, ժպիտներդ աղջկա,— Մանկական անպաճույճ երգի պես միամիտ, Դյութական, որպես այն, որ չըկա, որ չըկա...
Վահան Տերյան
Դու ասում ես, թե սառել եմ, Բոլո՜ր-բոլո՜ր կրակներըս ես վառել եմ Ու հիմա էլ... մթան մեջ եմ ես խարխափում։ Իսկ ես կասեմ. ես քայլել եմ, Երբ որ մութ էր՝ ես փայլել եմ, Բայց չեմ խաբել ես ոչ ոքի ու չեմ խաբում։
Ես չեմ խաբել ո՛չ մի խոսքով, Ո՛չ մի երգով կամ ակնարկով. Կա՛մ սիրել եմ, կա՛մ ատել եմ, բայց չեմ խաբել, Երկու հարկով բարձր եմ ապրել, Ցած եմ իջել երկու հարկով, Իջել-ելել, սակայն երբեք չեմ խարխափել։
Թե երբևէ խարխափել եմ՝ Խարխափում եմ ես լոկ հիմա, Թե երբևէ սարսափել եմ՝ Սարսափում եմ ես լոկ հիմա, Միայն հիմա՛, երբ չգիտեմ՝ Դու եղե՞լ ես, կա՞ս, թե չկաս, Միայն հիմա՛, երբ զգո՛ւմ եմ, Հասկանո՛ւմ եմ ու սարսափո՜ւմ, Թե առանց քեզ, իմ կորա՜ծըս, Այս աշխարհի ինչն է պակաս...
Պարույր Սևակ
Դու գնում ես տուն, և դեռ քո վերջին Խոսքի հնչյունը չի մարել օդում, Անզոր եմ արդեն այս խենթ կարոտում, Եվ կամքըս թույլ է, և միտքըս չնչին։
Խենթացած բեռից այս չար մենության, Ես դուրս եմ վազում քեզ որոնելու, Տեսնելու ցոլքըդ գեթ հեռվից-հեռու Եվ հսկելու քեզ ըստվերի նըման...
Այս մութ ժխորում իմ սիրտն է մաշում Մենակությունը հավիտյան խոցող, Անցնում եմ արագ ես ձեր փողոցով Եվ խենթ մշուշում ոչինչ չեմ հիշում։
Ձեր դռան առաջ կանգնում եմ երկար,— Գուցե դու հանկարծ «պատահմամբ» դուրս գաս, Կարոտըս, գուցե, դու հանկարծ զգաս Եվ հասկանաս իմ հուզումը տխուր։
Սակայն ուզում եմ, որ ինձ չըտեսնես, Չըգիտեմ ինչո՛ւ ձեր զանգն եմ տալիս, Փախչում եմ... փախչում... և հեռանալիս Փառաբանում եմ, օրհներգում եմ քեզ... Վահան Տերյան
|
շնորհակալություն